38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԽՍՀՄ-ի փլուզման ամենաէական հետևանքներից մեկը երկբևեռ աշխարհի անցումն էր միաբևեռ ռեժիմի

ԽՍՀՄ-ի փլուզման ամենաէական հետևանքներից մեկը երկբևեռ աշխարհի անցումն էր միաբևեռ ռեժիմի
23.07.2024 | 08:48

Խորհրդային Միության փլուզումը Արևմուտքը համարում է իր անվերապահ հաղթանակը սառը պատերազմում, և մակերեսային մոտեցման դեպքում դա հենց այդպես էլ կա։

Բայց, ինչպես աստիճանաբար պարզվում է, դա աշխարհում տեղի ունեցող պրոցեսների միայն խիստ մակերեսային գնահատականն էր, քանի որ այդ ընթացքում լրջորեն հաշվի չէին առնվել դրա հետևանքները ժամանակակից գիտական մեթոդներով։

Բանն այն է, որ եթե ինչ-որ ճանապարհով շատ թե քիչ կայուն հավասարակաշռության հասած մեծ համակարգում, ինչպիսին էր աշխարհը սառը պատերազմի վերջնամասերում, կատարվում է ուժային բնույթի որևէ փոփոխություն, ասենք, որևէ փոքր երկրում հեղաշրջում, ապա աշխարհը դա չի էլ նկատում։

Դրա պատճառն այն է, որ եթե մեծ համակարգի որևէ մասում տեղի է ունենում փոփոխություն, ապա այն փոփոխություններ է առաջացնում նաև մեծ համակարգի մյուս մասերում։

Եթե մեծ համակարգում կատարված նախնական փոփոխությունը փոքր է, ապա դրա հետևանք փոփոխությունները համակարգի մյուս մասերում կրում են համեմատաբար հեշտ կանխատեսելի փոքր ու գծային բնույթ և մեծ համակարգի վարքի վրա լրջորեն ազդել չեն կարող։

Իսկ եթե մեծ համակարգի մի հսկայական կտորում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, կատարվում է ռադիկալ բնույթի շատ մեծ փոփոխություն, ապա դա անխուսափելիորեն բերում է ոչ գծային մեծ ու շատ դժվար կանխատեսելի փոփոխությունների մեծ համակարգի բոլոր էական մասերում, մի երևույթ, որով զբաղվում է գիտության համեմատաբար նոր ճյուղերից մեկը, այն է՝ ոչ գծային դինամիկան։

Այս գլոբալ երևույթի գլոբալ հետևանքներից ամենաէականը երկբևեռ աշխարհի անցումն էր միաբևեռ ռեժիմի՝ իր բազմաթիվ շատ կարևոր հետևանքներով, որոնցից ամենահիմնականը աշխարհը հարաբերական հավասարակշռությունից հանելն էր, որն էլ իր հերթին պատճառ դարձավ գլոբալ բնույթի նոր փոփոխությունների կասկադի։

Արևմուտքի նախաձեռնած այս նոր փոփոխությունների հիմնական նպատակն էր առանց ԽՍՀՄ աշխարհի բոլոր տեսակի ռեսուրսների անարգել ու առանց ռիսկերի օգտագործումը, որն էլ, իր հերթին, ունեցավ մի շարք գլոբալ բնույթի հետևանքներ։

Ահա դրացից մի քանիսը.

1․ Արդյունաբերության արտահոսք Արևմուտքից դեպի էժան աշխատուժով և արտադրողականության մեծ պոտենցիալով երկրներ։

2․ ԽՍՀՄ-ի փլուզումը համարելով դեմոկրատիայի վերջնական հաղթանակ աշխարհում և, ինչ որ իմաստով, պատմության վերջ, Արևմուտքի ռազմական արդյունաբերության խիստ կրճատում, քանի որ դրա կարիքը այլևս չկար։

3․ Արևմուտքից տեխնոլոգիաների ու կապիտալի արտահոսքի պատճառով Չինաստանի և այլոց ուժային ու քաղաքակրթական վերելք։

4․ ՆԱՏՕ-ի շարժը դեպի արևելք։

5․ Ռուսաստանի ձգտումը՝ դառնալ Արևմուտքի մաս և մերժվելը ու, որպես դրա հետևանք, կողմնորոշումը փոխելը դեպի արևելք։

6․ Արևմուտքի մեծացող ճնշման տակ Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցում։

7․ Ռուսաստանի ռեսուրսային հարստությունների պրոբլեմն ու ուկրաինական պատերազմը։

8․ Գլոբալ հարավի կողմնորոշման փոփոխությունները։

9․ ԲՐԻԿՍ ու ՇՈՍ։

10․ ԱՄՆ-ի ներքին քաղաքական վիճակը և այլն, և այլն։

Այս ամենի արդյունքը ներկա գլոբալ ուժային ճգնաժամն է ու ատոմային պատերազմի վտանգը, որը, հանգամանքների բարենպաստ դասավորման դեպքում, կարող է բերել երկբևեռ աշխարհի ու նոր սառը պատերազմի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3994

Մեկնաբանություններ